Ահաբեկիչների դեմ գործողությունների ժամանակ զոհվել է Եգիպտոսի բանակի 10 զինծառայող

Մարտի 23-ին Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում Եգիպտոսի զինված ուժերի ահաբեկիչների դեմ գործողությունների ժամանակ զոհվել է երկրի ԶՈւ 10 զինծառայող: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ թերակղզում ահաբեկիչները ինքնաշեն պայթուցիկներ են պայթեցրել Եգիպոստի զինծառայողների մեքենաների անցման ժամանակ, ինչի հետևանքով էլ Եգիպտոսի բանակը ունեցել է 10 կորուստ:

Միևնույն ժամանակ Եգիպտոսի բանակը Սինայի կղզում սպանել է 15 ահաբեկչի, ևս 7 մարդ ձերբակալվել է գործողությունների արդյունքում:

2013-ից Եգիպտոսում իշխանությունը զինվորականների ձեռքում է։ 2013-ի հուլիսին զինվորականները գահընկեց են արել 2011-ին իշխանության եկած նախագահ Մուհամմեդ Մուրսիին,  ով «Մուսուլման եղբայներ» խմբավորման դրածոն էր։

Դրանից հետո Սինա թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են Մուրսիի համակիրների ուժերը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական ճյուղը՝ այսպես կոչված «Սինայի վիլայեթ» խմբավորումը: 2014-ի մայիսի 16-ին Կահիրեի դատարանը Մուրսիին դատապարտել է մահապատժի։

Եգիպտոսում 2014-ի հունիսից մինչ այժմ նախագահում է պաշտպանության նախկին նախարար Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին, ով բուռն պայքար է սկսել բոլոր իսլամաական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայների» և «Սինայի վիլայեթ» խմբավորման դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *