Ռուսաստանյան «Իրկուտ» ընկերությունը Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը առաջարկել է այդ երկրի ԶՈւ-ում առկա Սու-30ՄԿԻ կործանիչների խորը արդիականացում իրականացնել, ինչի շնորհիվ կընդլայնվեն կործանիչների մարտական հնարավորությունները։
Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանն է հայտնել ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն։
Ըստ Դեմչենկոյի՝ պատվիրատուները հետաքրքրված են կործանիչների արդիականցմամբ, ուստի Հնդկաստանի հետ քննարկվում է այս հարցը։
Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը հայտնել էր, որ Հնդկաստանը և Ռուսաստանը պատրաստում են Սու-30ՄԿԻ կործանիչների արդիականացնելու պայմանագրի փաստաթղթերը։
Այս պահին Ռուսաստանի արտոնագրով Հնդկաստանում հավաքվել և զինված ուժերին է մատակարարվել 230 միավոր Սու-30ՄԿԻ կործանիչ: Եվս 40 ինքնաթիռի կոմպլեկտ դեռ մատակարարվելու է և հավաքվի:
2016-ի օգոստոսին հնդկական The Hindu լրատվակայքը, հղում անելով Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցել էր, որ Հնդկաստանը և Ռուսաստանը մոտ են 2016-ի վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները:
Լրատվամիջոցը հայտնում էր, որ կործանիչները ունեն որոշ տեխնիկական խնդիրներ: Այդ մասին խոսվում էր դեռ 2014-ից: Մասնավորապես՝ Սու-30ՄԿԻ կործանիչերի շրջանում հանդիպել են այնպիսի թերություններ, ինչպիսիք են բորտ-համակարգչի և օդաչուի տեղեկատվական էկրանների աշխատանքի խափանումները։ Որպես լուրջ խնդիր նշվում է նաև որոշ դետալների նորոգման անհրաժեշտության մասին, ինչի ուղղությամբ, սակայն, ռուսաստանյան կողմը ևս անհրաժեշտ աջակցություն չէր ցուցաբերել:
Նախատեսվում էր արդիականացնել կործանիչների ռադարները, էլեկտրոնային համակարգերը, ավելացնել նոր սպառազինություն, ինչպես նաև՝ տեղադրել ռադարներից քողարկման համակարգեր:
Նշենք, որ 2004-ին Ռուսաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքվել էր համաձայնագիր, որով Հնդկաստանին տրվում էր Սու-30 կործանիչների հավաքման արտոնագիր։ Անհրաժեշտ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը պետք է իրականացներ «Իրկուտ» կորպորացիան։
Սու-30ՄԿԻ-ն Սու-27 կործանիչների ընտանիքից է և հատուկ հարմարեցված է Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Այն կարող է կրել մինչև 8 տոննա մարտական բեռ` «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, չկառավարվող հրթիռային արկեր, ավիառումբեր ևն։