Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստեղծել է համակարգչային հատուկ ծրագիր, որն անօդաչու թռչող սարքերին «սովորեցնելու է» հայտնաբերել հակառակորդի թիրախները, ինչպես նաև ստուգելու է հայտնաբերման ու ճանաչման արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի կայքը:
Անօդաչուները ավտոմատ հայտնաբերելու և ճանաչելու են հակառակորդի թիրախները, կատարելու են հաշվարկներ, թիրախների մասին տեղեկությունները (դիրքը, տեսակը) հայտնելու են ավտոմատացված կառավարման կենտրոնին, որն էլ իր հերթին ընտրելու է զինատեսակը, որով առավել արդյունավետ է խոցել տվյալ թիրախը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ռուսաստանի ՊՆ-ն այս ծրագիրը ստեղծել է նախորդ տարվա վերջին և պատենտավորել է այս տարվա մարտ ամսին:
Այս ոլորտի մշակումներ ներկայում կատարվում են նաև Հայաստանում: 2016-ի հոկտեմբերին անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ ArmBGC Innovation ընկերությունը ներկայացրել է պտուտակավոր փոքր ԱԹՍ, որի վրա հավաքված է հրետանու կրակի կառավարման համակարգ՝ հեռաչափ, տեսախցիկ և այլ սարքավորումներ։
Անօդաչուն օդից նկարում ու միանգամից չափում է հակառակորդի թիրախների հեռավորությունը և հաշվում թիրախի GPS կոորդինատները, որոնք էլ փոխանցում է հրետանավորներին՝ թիրախը խոցելու համար։ Այս սարքը նույնպես փորձարկումների փուլում է։
Հեռանկարում ընկերությունը նախատեսում է անօդաչուն զարգացնել այն ուղղությամբ, որ այն յուրաքանչյուր հրետանային համակարգի համար միանգամից նաև չափումներ անի և հրետանավորին «հուշի» թնդանոթի կարգավորումները: Այդ հաշվարկները ծրագրային լուծում են, հիմա գրվում է այդ ծրագիրը: