Մարտի 22-ին թուրք-սիրիական սահմանին սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող: Թուրքական կողմը պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման դիպուկահարի կրակոցից: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Զինծառայողը ծառայում էր Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում տեղակայված Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ սահմանապահ գնդում:
Նույն օրը, քրդական YPG-ն հայտնել է, որ Թուրքիայի զինուժը հրետանիով հարվածում է Աֆրինում իրենց դիրքերին և խաղաղ բնակչությանը: Քրդական կողմը նշում է, որ հարվածների արդյունքում վիրավորվել է 10 խաղաղ բնակիչ: Փոխանցում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Սիրիայի քրդական YPG-ն «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ռազմական թևն է: Թուրքական կողմը այս կառույցները դիտում են որպես «ահաբեկչական կառույցներ»:
Նշենք, որ այժմ Սիրիայի հյուսիսում գոյություն ունի Սիրիայի քրդական 3 ինքնավար շրջաններ՝ Քոբանին, Աֆրինը և Ջիզիեն, որոնք գտնվում են քրդական YPG և PYD կառույցների վերահսկողության տակ:
Թուրքական կողմը մշտապես հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ Սիրիայի տարածքում՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով քրդական պետություն կամ ինքնավարություն ստեղծվի:
Իսկ արդեն 2016-ի օգոստոսի 24-ից մինչև այժմ՝ արդեն մոտ 7 ամիս, Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ քրդերի դեմ: Թուրքիայի ՊՆ-ն առանձնացրել է Սիրիայում իր գործողությունների 3 հիմնական նպատակ․
- Թուրքիայի սահմանը մաքրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից
- Թույլ չտալ, որպեսզի Սիրիայի տարածքում քրդական երկու կանտոնները՝ Քոբանին և Աֆրինը, միավորվեն
- Սիրիայի ընդդիմադիրների համար «անվտանգության գոտի» ստեղծել
Թուրքիայի զինուժին աջակցում են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում Սիրիայի թուրքմենները: Թուրքիայի զինուժը հիմնական մարտերը ԻՊ դեմ մղել է Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի համար: Երկար մարտերից ու բազմաթիվ կորուստներից հետո Թուրքիայի զինուժը փետրվարի 23-ին կարողացել է վերահսկողություն սահամնել Ալ-Բաբ քաղաքի և որոշ հարակից բնակավայրերի վրա:
Ստորև քարտեզում Թուրքիայի բանակի վերահսկած տարածքը ներկայացված է մուգ կապույտ գույնով: