Գերմանիան մերժում է Թուրքիայի՝ զինամթերք գնելու հայտերը

Վերջին 4,5 ամսվա ընթացքում գերմանական կառավարությունը 11 անգամ հրաժարվել է զենք վաճառել Թուրքիային: Դրանք հիմնականում եղել են հրաձգային զինատեսակների և դրանց համար զինամթերքի գնման հայտեր: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ գերմանական Süddeutsche Zeitung կայքին հղումով:

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական կառավարության այս քայլերը հիմնավորվում են նրանով, որ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների աճի ֆոնին թուրքական կառավարությունն այս զենքը կարող է օգտագործել իր քաղաքացիների դեմ:

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ)

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ)

Գերմանական կառավարությունը հենց որպես մարդու իրավունքների խախտումներ է դիտարկում Թուրքիայում 2016-ի հուլիսի չհաջողված ռազմական հեղաշրջումից հետո բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ճնշումները, բանտարկությունները:

Գերմանիան ավելի վաղ նաև կասկածներ է հայտնել այն բանի վերաբերյալ, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակ են համարում Ֆեթուլլահ Գյուլենին և նրա համակիրներին: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Բրունու Կահլը: Սա իր հերթին խիստ քննադատություն էր առաջացրել թուրքական կողմից:

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կրկին լարվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի ներկայացուցիչներին արգելել են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ անցկացնել Գերմանիայի տարածքում:

Արդյունքում չեղարկվել են նախապես պլանավորված միջոցառումներ, ինչից հետո Թուրքիայի նախագահը քննադատել է Գերմանիայի իշխանություններին:

Ավելի վաղ Թուրքիային զենք չվաճառելու նմանատիպ քայլերի է դիմել նաև Ավստրիան: 2016-ի նոյեմբերին երկրի խորհրդարանն ընդունել է Թուրքիային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին 6 կուսակցությունների առաջարկը:

Դրանից հետո Թուրքիան արգելք է դրել իր երկրում 2017թ. ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների հետ համագործակցությանը, մասնավորապես ռազմական վարժանքների, քաղաքական միջոցառումների և քաղաքացիական նախագծերի ոլորտում:

Եվրոպական դաշնակից երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների սրումը կապված է նաև այն բանի հետ, որ ինչպես Ավստրիան և Գերմանիան, այնպես էլ Նիդեռլանդները Թուրքիայի ներկայացուցիչներին (մինչև իսկ նախարարների) արգելել են իրենց տարածքում քարոզչություն անել առաջիկա սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *