Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով այսօր կատարել է առաջին երկու փոխհատուցումները ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
Համաձայն բանկերի հետ կնքված պայմանագրերի՝ հիմնադրամը շահառուների համար բացել է հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվել են միանվագ 10-ական միլիոն դրամ փոխհատուցումները:
Յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքները իրենց համար բացված հատուկ հաշիվներին հիմնադրամից կստանան 200 հազարական դրամ գումար փոխհատուցում` 20 տարի ժամկետով:
Նշենք, որ երկու զինծառայողներն էլ զոհվել են Արցախի սահմանը պաշտպանելիս, թշնամու կրակոցից:
Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը զոհվել է 2017թ. հունվարի 18-ին ՊԲ հարավային (Հադրութի շրջան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի հրազենային կրակոցից:
Գոռ Համազասպի Գարեգինյանը զոհվել է 2017թ. փետրվարի 6-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ (Մարտակերտի շրջան) տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից: