Սիրիայի արևմտյան Հոմս նահանգի համանուն քաղաքի Ալ-Վաեր թաղամասից 400-ից ավելի զինյալ է դուրս բերվել իրենց ընտանիքների հետ։ Այս մասին մարտի 20-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Զինյալների դուրսբերումը սկսվել է մարտի 18-ին։ Ալ- Վաեր թաղամասը դեռ չլքած մյուս զինյալները նույնպես պատրաստվում են զենքները վայր դնել։ Նրանցից շատերը Բաշար Ասադի հայտարարած համաներման շրջանակներում համալրելու են աշխարհազորայինների կամ ոստիկանական ուժերի շարքերը։
The first group evacuated from #Homs #AlWaer arrived to #Jarablus after a long journey. Tired civilians are placed in tents. pic.twitter.com/LA8efiYeap
— Dr Kerem Kınık (@drkerem) March 19, 2017
Զինյալների՝ Ալ-Վաեր թաղամասից դուրս գալու հարցի շուրջ Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումները համաձայնության էին եկել մարտի 13-ին։
Ալ-Վաերը Հոմսի միակ թաղամասն էր, որտեղ դեռ մնացել են զինյալ խմբավորումներ: Այն զինյալները, ովքեր ընդունել են համաձայնությունը, ստանալու են իրավական կարգավիճակ, իսկ ովքեր չեն ընդունել, իրենց ընտանիքների հետ միասին տեղափոխվելու են Համսից:
Զինյալների տարհանումը տևելու է առավելագույնը 2 ամիս: Նրանք տեղափոխվելու են Սիրիայի հյուսիս՝ հավանաբար կա՛մ Ջերաբլուս, կա՛մ Իդլիբ:
Ըստ գործակալության՝ Ռուսաստանը 60-100 հոգանոց զորախումբ է տեղակայելու Հոմս քաղաքում, որը հսկելու է Ալ-Վաեր թաղամասից զինյալների դուրսբերումը:
Հիշեցնենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Հոմս քաղաքը կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել 2014-ի մայիսին: Դեռևս 2014-ի փետրվարին կողմերի միջև ձեռք բերվեց Հոմսի շրջանում հրադադարի սահմանման պայմանավորվածություն:
Քաղաք կարևորությունն այն է, որ այստեղով են անցնում երկրի տարբեր հատվածներն իրար կապող ճանապարհային մի շարք հանգույցներ։ 2011-ին Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, քաղաքում բազմիցս թեժ մարտեր են ընթացել զինյալների և կառավարական ուժերի միջև։