Մարտի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում գտնվող պաղեստինցի փասխստականների Յարմուկ ճամբարի մոտակայքում բախումներ են եղել «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների զինյալների միջև: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
2015-ի ապրիլին «Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակվել և գրավել են պաղեստինյան ճամբարի մեծ մասը: Այդ ժամանակվանից ի վեր Դամասկոսի նշված հատվածում հաճախակի բախումներ են լինում ԻՊ-ի և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների միջև:
Յարմուկ ճամբարը նախատեսված է պաղեստինցի փախստականների համար: Այս ստեղծվել է 1957-ին Դամասկոսի հարավային հատվածում: Այժմ այնտեղ ապրում է մոտ 7-8 հազար մարդ: Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո, բազմաթիվ պաղեստինցիներ հեռացել են ճամբարից:
Մինչ այս բախումների՝ վերջին մի քանի օրերին, Դամասկոսի տարբեր հատվածներում ինտենսիվացել են նաև մարտերը Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև: Մասնավորապես մարտի 21-ին բախումներ են եղել կառավարական ուժերի և «Ալ-Նուսրայի ճակատ», «Ահրար աշ-Շամ» խմբավորումների միջև արևելյան ալ-Ղաբուն և Ջոբար շրջաններում:
Սիրիայում ճգնաժամը սկսել է դեռևս 2011-ին: 2016-ի դեկտեմբերին Սիրիայի կառավարությունը և մի շարք զինյալ խմբավորումներ համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ հրադադար հաստատել: Սակայն հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» , «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա: Բացի այդ, «Ահրար աշ-Շամ» խմբավորումը ևս չի ստորագրել հրադադարի համաձայնագիրը։