ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում մեկնարկել են ՀՕՊ զորքերի դաշտային ելքեր

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են ՀՕՊ ստորաբաժանումների մասշտաբային վարժանքներ: Մարտի վերջից մինչև ապրիլ ՀՕՊ միավորումների և ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվելու Հարավային և Հյուսիսային Կովկասի 15 զորավարժարաններում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուսական Ս-300ՎՄ «Անթեյ 2500» ԶՀՀ

Ռուսական Ս-300ՎՄ «Անթեյ 2500» ԶՀՀ

Պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքներ են կատարվելու Ղրիմի, Դաղստանի, Չեչնիայի, Հյուսիսային Օսիայի, Աբխազիայի, ինչպես նաև Հայաստանի զորավարժարաններում:

Դաշտային ելքերին մասնակցելու է շուրջ 2000 զինծառայող, ներգրավվելու է մինչև 500 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա:

Վարժանքներին ներգրավվելու են Ս-300 և «Տոռ-ՄՈւ» զենիթահրթիռային համակարգեր, «Բուկ-Մ2» և «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Տունգուսկա» զենիթային հրթիռահրանոթային և «Իգլա» զենիթահրթիռային համալիրներ:

Վարժանքների հիմնական նպատակը Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի զենիթահրթիռային ստորաբաժանումների դաշտային ելքերի կատարելոգործումն է: Վարժանքների վերջին փուլում անցկացվելու են մարտական կրակի վարման առաջադրանքներ: Դաշտային ելքերի ժամանակ մարտական հաշվարկները պետք է մշակեն պայմանական հակառակորդի ավիացիայի թիրախների հայտնաբերման և խոցման վարժանքներ:

Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների այս տարվա վարժանքների առանձնահատկություն այն է, որ զինծառայողները պետք է կրակ վարեն պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեր կատարող թիրախների ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *