Արցախում մաքրվել է ևս 2 ականադաշտ

Արցախի տարածքն ականազերծող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունն ավարտել է ևս 2 ականադաշտի մաքրման աշխատանքներ: Կազմակերպության ծրագրով ներկայում մաքրման ենթակա է 99 ականադաշտ: Այս մասին Թվիթերում հայտնել է «Հալո Թրաստի» արցախյան մասնաճյուղը:

2000 թվականից Արցախում աշխատող կազմակերպությունն իր առաջ նպատակ է դրել մինչև 2020 թվականը մաքրել Արցախում առկա բոլոր ականադաշտերը: 2016 թվականի ընթացքում «Հալո Թրաստի» մասնագետները մաքրել են 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

Ստորև կազմակերպության քարտեզն է, որում կանաչ գույնով նշված են արդեն մաքրված ականադաշտերը, կարմիրով՝ ականազերծման ենթակա հատվածները:

Մինչ 2016 թվականը կազմակերպության ներկայացուցիչները մաքրում էին դեռևս Արցախյան պատերազմից մնացած ականները և չպայթած զինամթերքը, սակայն դրան ավելացավ Ապրիլյան պատերազմի հետևանքով մնացած զինամթերքը:

2016թ. հունիսին կազմակերպությունը տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ Արցախում չպայթած զինամթերքից և ականներից մաքրելու ենթակա տարածքներն Ապրիլյան մարտերից հետո ավելացել են 2,4 մլն քառ. մետրով (240 հեկտար): Վտանգավոր տարածքներ կան Մարտակերտում, Ներքին Հոռաթաղում – Մոխրաթաղ հատվածում, Մատաղիսում, ինչպես նաև Մարտունու և Հադրութի շրջաններում: Չպայթած  զինամթերքի մասին կազմակերպության ներկայացրած թվերը կարող եք տեսնել այստեղ:

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում (Արցախ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *