ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե Գերմանիան պարտք է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, մարտի 19-ին հերքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Փոխանցում է գերմանական Deutsche Welle կայքը:
Գերմանացի նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ում չկա որևէ պարտքի հաշվարկ՝ պատասխանելով նախօրեին Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի գրառմանը Թվիթերում:
«… Գերմանիան ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին պարտք է հսկայական գումար, որ պետք է վճարի այն ուժեղ և շատ թանկ պաշտպանության համար, որով նրանք ապահով են Գերմանիային», — գրել է ԱՄՆ նախագահը:
Despite what you have heard from the FAKE NEWS, I had a GREAT meeting with German Chancellor Angela Merkel. Nevertheless, Germany owes…..
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 18, 2017
…vast sums of money to NATO & the United States must be paid more for the powerful, and very expensive, defense it provides to Germany!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 18, 2017
Սրանով Թրամփը հավանաբար նկատի ունի ՆԱՏՕ-ի երկրների համար սահմանված, բայց առայժմ չպարտադրված այն շեմը, որով անդամ պետություններին կոչ է արվում իրենց ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակին:
Համեմատության համար. 2016-ի ցուցանիշներով ՀՀ պաշտպանական բյուջեի հարաբերությունը Հայաստանի ՀՆԱ-ին մոտ 4,1 տոկոս է:
Իսկ ՆԱՏՕ-ում սահմանված 2 տոկոսանոց ցուցանիշ, ԱՄՆ-ից բացի, ապահովում են Դաշինքի խիստ սակավաթիվ անդամներ: 2016 թվականի համար նախատեսված ծախսերի տվյալների համաձայն՝ երկրի համախառն ներքին արդյունքի երկու տոկոսի չափ կամ դրանից ավելի պաշտպանության վրա ծախսում է Դաշինքի անդամ 5 պետություն (տվյալները հրապարակվել են 2016-ի հուլիսին և ներառում են նախատեսված ծախսերը):
- ԱՄՆ (3,61 տոկոս),
- Հունաստան (2,38 տոկոս),
- Մեծ Բրիտանիա (2,21 տոկոս),
- Էստոնիա (2,16 տոկոս),
- Լեհաստան (2,00 տոկոս):
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերին, ապա ստորև բերված աղյուսակից երևում է, որ ընդհանուր առմամբ՝ 2009 թվականից սկսած՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերը 2009 թվականից սկսած նվազել են մինչև նախորդ տարի՝ 2015 թվականը:
2016 թվականի նախատեսվող ծախսերի տվյալներով՝ ծավալը նորից սկսում է աճել: Մասնավորապես ամբողջ ՆԱՏՕ-ի ծախսերը 2015-ի 892 միլիարդի փոխարեն լինելու է 918 միլիարդ դոլար: Այս աճը նույնպես պայմանավորված է ԱՄՆ պաշտպանական ծախսերի ավելացմամբ մոտ 23 մլրդ դոլարով: