Այսօր՝ մարտի 20-ի առավոտյան մեկնարկած հանկարծակի ստուգման ընթացքում, Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի 19 միավոր կործանիչ տեղափոխվել է Աստրախանի մոտ գտնվող «Աշուլուկ» զորավարժարան, որը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի տարածքում է: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
ՄիԳ-31ԲՄ կործանիչների խումբն այստեղ անցկացնելու է զորավարժություն, որի ընթացքում հակաօդային պաշտպանության «Պանցիր-Ս1» և Ս-300 համակարգերի հետ համատեղ հակազդելու է պայմանական հակառակորդի հրթիռային-ավիացիոն հարձակմանը:
Հանկարծակի ստուգման մեկնարկից հետո կործանիչների խումբը զորավարժարան է թռչել առանց կանգառի՝ երկու անգամ վերալիցքավորվելով օդում և անցնելով մոտ 4000 կմ:
Նշենք, որ մինչ այս՝ մարտի 13-ին, մեկնարկել են նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ, որոնց ներգրավվել են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա:
«Աշուլուկ» զորավարժարանը, որտեղ անցկացվելու են վարժանքները, գտնվում է Կասպից ծովի հյուսիսում և մտնում է Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանի տարածքի մեջ: Ընդհանուր առմամբ, այս ռազմական շրջանի մեջ են մտնում Ռուսաստանի՝ Կասպից և Սև ծովերի միջև ընկած տարածքում, Ղրիմում, Հարավային Օսիայում և Աբխազիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված զորամասերը:
Ռազմական շրջանի օդուժի և հակաօդային պաշտպանության միջոցների մի մասը ներգրավված է նաև Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մեջ: