Մարտի 19-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) կառույցի զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի երկու զինծառայող՝ մեկ մայոր և մեկ ենթասպա: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Թուրքական աղբյուրը հավելում է, որ գործողությունների արդյունքում քրդական կողմն ունեցել է առնվազն 6 կորուստ: Ներկայում թուրքական ժանդարմերիան, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության որոշ ստորաբաժանումներ շարունակում են ռազմական գործողությունները քրդական կառույցի դեմ:
Մարտի 5-ին մեկնարկած ռազմագործողությանը ներգրավված են ընդհանուր առմամբ 8 հազար զինծառայող, որից 7000-ը՝ ժանդարմներ: Գործողությունը համակարգում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը՝ ում ենթակայության տակ էլ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո անցել է ժանդարմերիան: