Սիրիայում ավիահարվածից մահացել է շուրջ 40 մարդ

Սիրիայի Իդլիբի նահանգում ապստամբների ձեռքում գտնվող Ալ-Ջինահ գյուղի մզկիթում ավիահարվածից զոհվել է 42 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Զոհերի մեծ մասը քաղաքացիական է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ծանր վիրավորներով պայմանավորված՝ հնարավոր է զոհերի թվի աճ, իսկ որոշները դեռևս գտնվում են փլատակների տակ:

Դեռ պարզ չէ, թե ով է ավիահարվածի հեղինակը: Սակայն նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ն հարվածներ է իրականացրել տեղանքում: Միացյալ Նահանգները հայտարարություն է տարածել, որ իրենք չեն թիրախավորել մզկիթը, այլ հարվածել են մզկիթից 15 մ հեռավորության վրա գտնվող կառույցին, որտեղ հավաք էին անում Ալ-Կաիդայի զինյալները, իսկ այժմ ճշտում են՝ քաղաքացիականների շրջանում զոհեր լինելու մասին տեղեկությունը: Փոխանցում է CNN լրատվակայքը:

Նշենք, որ մարտի 15-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է եղել արդարադատության պալատում, ինչի հետևանքում շուրջ 30 մարդ զոհվել է, ամենաքիչը 65 մարդ վիրավորվել է: Բացի այդ, ևս 1 առանձին պայթյուն է եղել Դամասկոսի մեկ այլ շրջանում: Պայթյունի հետևանքով վիրավորվել է շուրջ 20 մարդ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից Ղազախստանում մեկնարկել է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների 3-րդ փուլը: Քննարկումների հիմնական թեմաններից մեկը Սիրիայի կառավարության և որոշ «ոչ ահաբեկչական» համարվող զինյալների միջև հրադադարի հաստատման, պահպանման պայմաններն են:

Նշենք, որ Աստանայում մինչ այժմ Սիրիայի ճգնաժամի հարցով անցկացվել է 2 հանդիպում՝ հունվարի 23-24-ին և փետրվարի 15-16-ին (1, 2):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *