Թուրքերն ու քրդերը խաղաղության բանակցություններ են սկսելու

Նոյեմբերի 18-ին քուրդ կալանավորների 68-օրյա հացադուլի դադարեցումից հետո, այսօր Թուրքիայի արդարադատությոան նախարար Սադուլահ Էրգինը Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան և Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) սկսելու են հրադադարի և խաղաղության բանակցություններ,- հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

ՔԲԿ-ի ազատազրկված ղեկավար Աբդուլա Օջալանի կոչից հետո, ՔԲԿ-ի հարյուրավոր բանտարկյալներ դադարեցրել են հացադուլը: Օջալանը կոչն արել է Թուրքական հետախուզական ծառայության պաշտոնյաների հետ քննարկումից հետո,- հաղորդում է թուրքական Ռադիկալ թերթը:

Էրգինը չի նշել, թե բանակցությունները որտեղ են կայանալու, սակայն ասել է, որ նախկինում Թուրքիան և ՔԲԿ-ն գաղտնի բանակցություններ անցկացրել են: Անցած տարի հրապարակված ձայնագրությունները ցույց են տվել, որ հետախուզական պաշտոնյաները Օսլոյում գաղտնի հանդիպում են ունեցել ՔԲԿ-ի հետ:

Թուրքիայի ընդիմադիր Հանրապետական Ժողովրդի կուսակցության փոխղեկավար Ֆարուկ Լոգօղլուն դեմ չէ Օջլանի հետ բանակցելուն, եթե դրանք արդյունք են տալիս:

Մինչ բանակցությունները կսկսվեն, թուրք-քրդական հակամարտությունը շարունակվում է Թուրքիայի հարավ արևելյան Հաքյարի նահանգում: Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ նոյեմբերի 18-ին ՔԲԿ-ի մարտիկները Հաքյարի նահանգի Օրտակլար գյուղի մոտակայքում սպանել են թուրքական 5 զինվոր և վիրավորել մեկին: Թուրքական բանակի պատասխան գործուղության ընթացքում, թուրքերը սպանել են 4 քուրդ մարտիկ և 4-ին գերի վերցրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *