Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կառավարության որոշման նախագծին, որով Դիլիջանում գտնվող նախկին ՊԵԿ ուսումնական կենտրոնի՝ 15,7 մլրդ դրամ արժողությամբ շինարարական օբյեկտները (իրենց շարժական և անշարժ գույքով) կամրացվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Այսուհետ այստեղ կանցկացվի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Այս որոշմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ դպրոցի կրթական ծրագրերն իրականացնելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Նշվում է, որ սա էլ նպատակահարմար է դարձնում կրթահամալիրից տեղափոխված սաների և վարժարանի սաների ռազմաուսումնական գործունեությունը կազմակերպել այս կառույցում:
Որոշման նախագծից պարզ է դառնում, որ ՊՆ-ին չեն ամրակցվում
- հիմնական մասնաշենքում գտնվող 79,3 քմ տարածքով տվյալների մշակման կենտրոնը (24 մլն դրամ արժողությամբ),
- 7,8 հա հողատարածքը (133 մլն ՀՀ դրամ արժողությամբ),
- 1 մլրդ դրամ արժեքով գույքը (ցանկը .xls ֆայլով):
Մինչ այս՝ հունվարին, Վիգեն Սարգսյանը «Պոստ Ֆակտում» հաղորդաշարի ռեպորտաժում հայտնել էր, որ պետությունը կարող է գտնել ձևերը` եղած ավելորդությունները օտարելու.
«Ես լսել եմ, որ այստեղ կան ինչ-որ սիգար ծխելու համար նախատեսված սենյակներ՝ կտրիչներով և այլն, իհարկե ապագա սպաներին դրանք դեռ պետք չեն»:
Ավելի վաղ վարժարանի՝ Դիլիջան տեղափոխման մասին հունվարի 20-ին հայտնել էր հայտնել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
2 responses to “Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը տեղափոխվում է Դիլիջան”