Իրանի բանակի ռազմածովային ուժերը և բարեկամական այցով Իրան ժամանած պակիստանյան նավախումբը Օմանի ծովում համատեղ զորավարժություն են անցկացրել։ Իրանական կողմից զորավարժությանը ներգրավվել է «Ջամարան» ականակիրը, մեկ հրթիռային նավ և մեկ ուղղաթիռ։
Այս մասին մարտի 15-ին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։
Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգարվվել է 800 մարդ։ Իրականացվել են ծովային և օդային բեռնափոխադրումների վարժանքներ։
Պակիստանյան նավախումբը՝ կազմված «Թիփփու սուլթան» ականակիր նավից և «Ջուրրաթ» հրթիռային նավից, եռօրյա բարեկամական այցով Իրան էր ժամանել մարտի 12-ին։
Նմանատիպ այցով Պակիստանի ՌԾՈւ նավերը Իրան են ժամանել նաև 2014 և 2016 թվականներին։
Ավելի վաղ՝ 2016-ի սեպտեմբերին, Իրանը նույնպես նավախումբ էր ուղարկել Պակիստան։ Այցի ընթացքում երկրները Պակիստանի Կարաչի նավահանգստում անցկացրել են համատեղ զորավարժություն: Զորավարժությանը ներգրավվել են իրանական «Լավան», «Ֆալախան», «Խանջար», «Քոնարակ» ռազմանավերը և Bell-212 բազմանպատակային ուղղաթիռը:
Իրանը նաև մասնակցել է 2017-ի փետրվարին Պակիստանում անցկացվող «Աման-17» զորավարժությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը նավախումբ էր ուղարկել Ռուսաստան։