Ռուսաստանի ԶՈւ ականզերծման միջազգային կենտրոնի համահավաք ջոկատը՝ շուրջ 150 ականազերծող, ժամանել է Սիրիա Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի ականզերծման աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Նախ և առաջ ականազերծողները Պալմիրայում ականներից մաքրելու են ենթակառուցվածքներ, հիվնադանոցներ, ջրատարներ տանող ճանապարհները, ինչպես նաև Պալմիրայի հնագույն քաղաքը:
Ականազերծողների խումբը և զինտեխնիկան տեղակայվել է Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում: Պալմիրայում տեղակայվել է նաև 17 միավոր հատուկ նշանակության զինտեխնիկա: Բացի ականազերծողներից, խմբի մեջ ընգրկած են նաև շնապահների ստորաբաժանում:
Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրորդ անգամ ազատագրել են մարտի 2-ին: Իսկ մարտի 10-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է 200 հոգուց կազմված ականազերծողների առաջին խմբի Սիրիա ժամանելու մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը առաջին անգամ ականազերծողներ է ուղարկել Պալմիրա 2016-ի մարտի 31-ին, այն բանից հետո երբ մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել էին հաջողություն գրանցել ԻՊ զինյալների դեմ մարտերում և գրավել Պալմիրա քաղաքի մի շարք ռազմավարական կետեր:
Սակայն դեկտեմբերի 11-ին Սիրիայում ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակի հետ մի քանի օրյա մարտերում կարողացան վերնանվաճել Պալմիրա քաղաքը: Այսինքն ռուսաստանցի զինծառայողները երկրորդ անգամ է, որ ականզերծման աշխատանքներ են կատարում Պալմիրայում: