Սիրիայի մայրաքաղաքում 2 տարբեր պայթյուն է եղել

Մարտի 15-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է եղել արդարադատության պալատում, ինչի հետևանքում շուրջ 30 մարդ զոհվել է, ամենաքիչը 65 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը փորձել է մտնել արդարատադության պալատի շենք և, երբ ոստիկանները կանգնեցրել են նրան, ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն:

Դեպքը եղել է Դամասկոսի ալ-Համիդիա թաղամասում, որտեղ էլ գտնվում է հենց արդարադատության պալատը: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Բացի այդ, ևս 1 առանձին պայթյուն է եղել Դամասկոսի մեկ այլ շրջանում: Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ար-Ռաբվա թաղամասի ռեստորաններից մեկում, որը 3 կմ հեռավարության վրա է գտնվում նախորդ պայթյունի վայրից: Պայթյունի հետևանքով վիրավորվել է շուրջ 20 մարդ:

Նշենք, որ այս ահաբեկչությունների շարքը թվով երկրորդ է այս շաբաթ: Մարտի 11-ին Դամասկոսում մահապարտ-ահաբեկիչ նորից ահաբեկչություն էր իրականացրել, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 75 մարդ, 120-ն էլ վիրավորվել են: Սպանվածների թվում են եղել նաև Իրաքից, Իրանից եկած մարդիկ: Այս ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցրել է «Ջաբաթ Թահիր ալ-Շամ» խմբավորումը, որը կազմված է հիմնականում «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման նախկին զինյալներից:

Սիրիայի՝ հաշտեցման գծով նախարար Ալի Հեյդարը հայտարարել է, որ ահաբեկչական ակտերի հիմնական նպատակն է հարվածել Սիրիայի ճգնաժամի լուծման համար տարվող բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից Ղազախստանում մեկնարկել է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների 3-րդ փուլը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցությունները կշարունակվեն նաև մարտի 16-ին: Բանակցող կողմերը սպասում են Սիրիայի կառավարության դեմ կռվող որոշ զինյալ խմբավորումների ներկայացուցիչների ժամանմանը: Քննարկումների հիմնական թեմաններից մեկը Սիրիայի կառավարության և որոշ «ոչ ահաբեկչական» համարվող զինյալների միջև հրադադարի հաստատման, պահպանման պայմաններն են:

Նշենք, որ Աստանայում մինչ այժմ Սիրիայի ճգնաժամի հարցով անցկացվել է 2 հանդիպում՝ հունվարի 23-24-ին և փետրվարի 15-16-ին (1, 2):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *