Ռուսաստանը կարող է ռազմական օգնություն ցույց տալ Լիբիայի հակամարտող կողմերից մեկին

Լիբիայի արևմտյան մասի խորհրդարանի ղեկավար Աքիլյա Սալեհ Իսան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրուցում հայտնել է, որ իրենք Ռուսաստանից օգնություն են խնդրել զինծառայողների ուսուցման և զինտեխնիկայի վերանորոգման հարցում: Ռուսաստանը խոստացել է համագործակցել հակաահաբեկչական պայքարում:

Ռուս և եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

Ռուս և եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

Մինչ այս Reuters գործակալությունը, եգիպտական և ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, հայտնել էր, որ Սիրիայի հետ սահմանից 100 կմ հեռու գտնվող Եգիպտոսի ԶՈւ Սիդի Բարանի ռազմաբազայում տեղակայվել են ՌԴ ԶՈւ անօդաչու թռչող սարքեր և 22 զինծառայող:

Գործակալությանը չէր հաջողվել պարզվել, թե ինչ առաքելությամբ են զինծառայողները եգիպտական ավիաբազայում: Ենթադրվում է, որ ՌԴ-ի այս քայլը ուղղված է Լիբիայի բանակի հրամանատար Հալիֆ Հաֆթարի ուժերին աջակցություն ցույց տալուն:

Սակայն ավելի ուշ Եգիպտոսի զինված ուժերի մամուլի խոսնակ Թամել ալ-Ռիֆային կտրականապես հերքել էր ՌԴ ԶՈւ զինծառայողների ջոկատի տեղակայումը երկրի արևմուտքում՝ Լիբիայի հետ սահմանին մոտ գտնվող ռազմաբազայում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել էր, որ Ռուսաստանը ավելորդ է համարում իր միջամտությունը Լիբիայի հարցերում, սակայն դա չի նշանակում, որ ՌԴ-ն չի շփվում այն կողմի հետ, որի հետ անհրաժեշտ է համարում:

Մինչ այս՝ 2016-ի հոկտեմբերին, Եգիպտոսում Ռուսաստանի և Եգիպտոսի զինծառայողները անցկացրել էին «Բարեկամության պաշտպաններ-2016» զորավարժությունը: Բացի այդ, իր աղբյուրներին հղում անելով ՝ ռուսաստանյան «Известия» լրատվակայքը հայտնում էր, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսի հետ` այնտեղ ռազմական օբյեկտներ վարձակալելու շուրջ:

Խոսքը մասնավորապես եգիպտական նույն Սիդի-Բարրանի քաղաքում տեղակայված խորհրդային բազան վերականգնելու մասին է: Կողմերի փոխհամաձայնության գալու դեպքում` ռազմաբազան կսկի գործել 2019 թվականից:

Ներկայում Լիբիայում միմյանց դեմ կռվող կողմերը պայքար են մղում երկրի նավթաշատ վայրերի վերահսկողության համար:

Հիշեցնենք, որ շուրջ 4 տարի առաջ՝ 2011-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևմուտքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Իսկ արևելքում՝ Տրիպոլի քաղաք-կենտրոնով ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ իշխում է 2015 թվականից՝ Ֆաես ալ-Սարաջեմի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *