Մարտի 15-ին ռուսաստանյան կողմը հայտնել է, որ ավելի վաղ ՌԴ հատուկ ծառայությունները կանխել են մարտի 8-ին Մոսկվայում նախատեսված ահաբեկչական գործողություն: Թուրքիայից եկած ահաբեկիչը նախատեսում էր ինքն իրեն պայթեցնել՝ Մոսկվայում մարտի 8-ի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» լրատվակայքը:
Տաջիկստանի 23-ամյա քաղաքացի Իզատիլլո Մ.-ին Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալել են Ստամբուլի չվերթի իջնելուց անմիջապես հետո: Նրա կողմնակիցներին չի հաջողվել գտնել, քանի որ ահաբեկիչը չէր ճանաչում այն մարդկանց, ովքեր իրեն պետք է դիմավորեին:
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ Իզատիլլոն ներգրավված է եղել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին: Համապատասխան միջոցառումների անցկացումից հետո ռուսաստանյան կողմը ձերբակալվածին փխանցել է Տաջիկստանի իրավապահներին, որտեղ նման հանցագործության համար Իզատելլոյին սպառնում է ցմահ ազատազրկում:
Ռուսաստանյան կողմը նշում է, որ ներկայում Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ հենց Մոսկվայում, գործում են տարբեր ահաբեկչական խմբավորումներին կից համայնքներ (ջեմաաթ), որոնք կազմավորում են այսպես կոչված «քնած բջիջներ»: Սա այն դեպքն է, երբ մինչև հստակ հրահանգ ստանալը տվյալ համայնքի անդամները որևէ արտառոց, տարօրինակ արարքով, քայլով աչքի չեն ընկնում և սպասում են հարմար առիթի:
Ավելացնենք, որ ինչպես մարտի 14-ին հայտնել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Ռուսաստանի հարավային դաշնային շրջանում աճում է ահաբեկչական սպառնալիքը, որը մասնավորապես պայմանավորված է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների համար կռվողների ներգաղթով: