Իրաքի բանակն «Իսլամական պետությունից» գրավել է Մոսուլի մոտ 75 տոկոսը

Մարտի 14-ին Իրաքի կառավարական ուժերը հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի գնացքի կայարանը, որը Իրաքի երկաթուղային կարևոր հանգույցներից մեկն է: Այս մասին հայտնում է ֆրանսիական AFP գործակալությունը:

Ազատագրված կայարանը գտնվում է Հին Մոսուլի հարավարևմտյան շրջանում: Չնայած ազատագրմանը՝ երկար  ժամանակ կպահանջվի, որ գնացքները նորից գործարկվեն երկաթուղիով:

Իրաքի երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կայարանը հիմնական միջանցքն է եղել Մոսուլ քաղաքի հարավային և հյուսիսային շրջանների համար: Նա ընդգծել է, որ հենց ռազմավարական նշանակության համար էլ, ԻՊ զինյալները մի քանի ահաբեկչական հարձակումներ են իրականացրել կայարանի և երկաթուղու վրա:

Նա նաև նշել է, որ կայարանը կառուցվել է 1940-ական թթ. և առևտրի տեսանկյունից էլ շատ կարևոր դեր է կատարել, քանի որ այդտեղից են շարժվել Սիրիա և Թուրքիա մեկնող գնացքները: Բայց գնացքները դադարել են բեռնափոխադրումներ իրականացնել, երբ ԻՊ-ն սկսել է հարձակումները:

Բացի այս, սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ Իրաքի կառավարական ուժերը նաև վերահսկողություն են սահմանել Մոսուլի 5 կամուրջներից ևս մեկի վրա՝ այդպիսով նրանք արդեն ԻՊ-ից գրավել են 3 կամուրջ:

Բացի այդ, կառավարական ուժերը և նրանց աջակցությամբ կռվող զինյալները, գրավելով Մոսուլի հարևան մի քանի գյուղեր և բնակավայրեր, ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Տիգրիս գետի արևելյան ափը:

Ըստ սոցցանցերում տեղեկությունների Իրաքի բանակի և ԻՊ զինյալների միջև այժմ ուժեղ բախումներ են գնում Մոսուլ քաղաքի կենտրոնում՝ Ալ-Նուրի մզկիթի մոտ: Գործողությունների ներգարավված է նաև Իրաքի դաշնային ոստիկանության և արագ արձագանքման ուժերը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Իրաքի կառավարական բանակը ԻՊ-ից ազատագրել է Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածի գլխավոր կառավարական համալիրները և մի քանի այլ կառույցներ: Ընդհանուր առմամբ, Իրաքի բանակը, քրդական զորաջոկատների և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի օգնությամբ, ազատագրել է Մոսուլի 70 տոկոսից ավելին։

Փետրվարի 23-ին, Իրաքի կառավարական բանակը ազատագրել էր Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտաակայքում գտնվող «Գազանի» ռազմաբազան: Օդանավակայանի ազատագրումից հետո ԻՊ-ի համար դժվար է քաղաքի հարավից արևմուտք աջակցություն ստանալ: Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է 2016 թ. հոկտեմբերի վերջից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *