Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի հետ քննարկում է Տ-90 տանկեր մատակարարելու հարցը

IDEX-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ արաբական երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քուվեյթը, հետաքրքրություն են ցուցաբերել ռուսասատանյան Տ-90 տանկերի նկատմամբ։ Այժմ քննարկվում է այս երկրներին Տ-90 տանկեր վաճառելու հնարավորությունը։

Այս մասին մարտի 14-ին հայտարարել է ռուսաստանյան  «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Ավելի վաղ՝ փետրվարին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը  Տ-90ՄՍ տանկերի մատակարարման խոշոր պայմանագիր է կնքել Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հետ և պատրաստվում է մոտ ժամկետներում ևս մեկ պայմանագիր կնքել այլ պետության հետ: Սակայն առայժմ հայտնի չէ, թե որոնք են այդ պետությունները։

Ռուսաստանը այս պահին Տ-90 տանկեր վաճառքի շուրջ բանակցում է նաև Հնդկաստանի հետ: 2016-ի նոյեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ռուսաստանից 464 միավոր Տ-90ՄՍ տանկ գնելու շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։

Ռուսաստանյան Տ-90 տանկերով էր հետաքրքված նաև Իրանը, սակայն 2016 թվականի փետրվարին Իրանում հայտարարեցին, որ Տ-90 տանկեր գնելու կարիք չունեն և մտադիր են արտադրել սեփականը։ Մեկ տարի անց Իրանը արդեն ներկայացրեց  սեփական տանկը՝ «Քարրարը»։

Հավելենք, որ տանկերի առավել վաղ սերնդի Տ-90Ս տարբերակից առկա են նաև Ադրբեջանի զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *