Մարտի 11-ին Իրանը եվրոպական Airbus ավիաընկերությունից ստացել է պայմանագրով նախատեսված 100 ինքաթիռներից երկրորդը։ Այս անգամ Իրանին է մատակարարվել A-330-200 հեռամագիստրիալ ինքաթիռը։ Այս մասին տեղեկացնում է IranAir ավիաընկերության պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հունվարին Իրանին էր մատակարարվել պայմանագրով նախատեսված առաջին ինքնաթիռը՝ A-321 ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերին, IranAir և Airbus ավիաընկերությունները համաձայնության էին եկել Իրանին 100 միավոր մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ՝ պատվերից հանելով 12 միավոր A380 ինքնաթիռները, ինչի արդյունքում գործարքի արժեքը չի գերազանցել 10 մլրդ դոլարը:
Ֆրանսիական Airbus ընկերության հետ 118 միավոր մարդատար ինքաթիռ (45 միավոր A320, նույնքան A330, 16 միավոր A350, 12 միավոր A380) գնելու շուրջ Իրանը պայմանավորվածություն էր ձեռք բերել 2016թ. հունվարի վերջին`Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:
Հունիսին հայտնի դարձավ, որ Իրանը մտադիր է մարդատար ինքնաթիռներ գնել նաև ամերիկյան Boeing ընկերությունից (80 միավոր): Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:
Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:
Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:
Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո Իրանը 50 միավոր Boeing 737 և 30 միավոր Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին համաձայնագիր ստորագրեց Boeing ավիաընկերության հետ:
Ինքնաթիռներն Իրանին են մատակարարվելու 10 տարվա ընթացքում: Գործարքի արժեքը շուրջ 17 մլրդ դոլար է:
Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել նոր ինքնաթիռներով: