Հարավային Օսիայի ԶՈւ ստորաբաժանումները կարող են մտնել Ռուսաստանի ԶՈւ կազմի մեջ

Ռուսաստանի կառավարությունը նախագահին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքել համաձայնագիր, որով հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումները կանցնեն Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ: Համաձայնագիր կնքելու նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատու կայքում:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ (արխիվ)

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:

Այս պահին փաստաթուղթը դեռ նախագծի կարգավիճակում է, Ռուսաստանի նախագահի հավանությունը ստանալուց հետո ՌԴ դիվանագիտական կառույցները բանակցություններ են սկսելու հարավօսական կողմի հետ՝ համաձայնագիրը կնքելու համար: Դրանից հետո էլ երկու պետությունները պետք է վավերացնեն այն:

Այսպիսի համաձայնագիր կնքելու մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2015 թվականի մարտին կնքված մեկ այլ պայմանագրով: Դրանով նախատեսվում էր, որ Ռուսաստանը ստանձնելու է Հարավային Օսիայի սահմանների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը: ԱՅդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների «առանձին ստորաբաժանումներ» պետք է մտնեին Ռուսաստանի զինված ուժերի ու այլ կառույցների կազմի մեջ:

Ի տարբերություն Հարավային Օսիայի՝ Աբխազիայի հետ Ռուսաստանի անվտանգային հարաբերությունները կարգավորվում են համատեղ զորախմբի մասին համաձայնագրով: Դրա հիման վրա աբխազական զինված ուժերը ոչ թե մտնում են ՌԴ ԶՈւ կազմի մեջ, այլ ստեղծվում է Աբխազիայի զինված ուժերի և աբխազական տարածքում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի համատեղ զորախումբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *