Ռազմական շաբաթվա ամփոփում. նոյեմբերի 12 – 18

Ստորև ներկայացնում ենք նոյեմբերի 12–18 ընթացքում Հայաստանում ռազմական ոլորտում իրադարձությունների ամփոփ պատկերը:

  1. Ադրբեջանի բնակիչը խախտել է հայ-ադրբեջանական սահմանը
  2. ՀՀ-ում ՌԴ ռազմաբազա 2000 զինակոչիկներ են ժամանել
  3. Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման հարցերի շուրջ
  4. Հայաստանի համար նոր հաստիքներ ՀԱՊԿ-ում
  5. Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Ֆրանսիայում և Բելառուսում
  6. Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի ռազմական կցորդին
  7. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ
  8. ՀՀ ԶՈՒ 33 սպա բնակարաններ են ստացել նորակառույց շենքում
  9. Ռազմակրթական բարեփոխումների գծով ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի այցը Հայաստան
  10. Ջրային պաշարների ճիշտ կառավարումը ճնշման գործիք Ադրբեջանի նկատմամբ
  11. Սեյրան Օհանյանի հարցազրույցը Հ1-ին
  12. Անօդաչու թռչող սարքերի մրցույթ Արզնիի օդանավակայանում

1. ՊՆ հաղորդմամբ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 07:45-ի սահմաններում Ադրբեջանի բնակիչ Թելման Ջավանշիրօղլու Ալիևը Տավուշի մարզի հատվածում անցել է հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմը պատահարի մասին տեղեկացրել է համապատասխան միջազգային կառույցներին:

2. Ռազմական տարբեր մասնագիտություններով եռամսյա պատրաստություն անցած շուրջ 2000 զինակոչիկ է ժամանել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա՝ փոխարինելու այս աշուն զորացրվող զինծառայողներին։ Ընդհանուր առմամբ մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է փոխարինել ռազմաբազայի մոտ 5000 զինծառայողներից 3000-ին։ Հավելենք նաև, որ 2012 թվականի ընթացքում ռազմաբազան համալրվել է ԿԱՄԱԶ-53501 տիպի 40 նոր մեքենաներով:

3. Համաձայն ՊՆ հաղորդագրության, նոյեմբերի 13-ին ՊՆ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈՒ կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման որոշակի հարցերի վերաբերյալ խորհրդակցություն: Հանձնարարականներ են տրվել ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

4. Կառավարության՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ՝ 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ՀԱՊԿ-ում կունենա ռազմական խորհրդատուի և ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի հաստիքներ, ինչը թույլ կտա տեղում օպերատիվ կերպով արձագանքել ընթացիկ խնդիրներին, լիարժեքորեն ներկայացնել ՀՀ դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ անունից փաստաթղթեր ստորագրել և այլն:

5. Կառավարության՝ նոյեմբերի 15-ի մեկ այլ որոշմամբ՝ ռազմական կցորդի հաստիքներ կստեղծվեն Բելառուսի և Ֆրանսիայի Հանրապետություններում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն մեծ կարեւորություն է տալիս այդ երկրների հետ իր համագործակցությանը:

6. Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատա Պետեր Միկիսկային և ռազմական նորանշանակ կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

7. ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների և գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ դեկտեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ՀԱՊԿ ԶՈՒ հզորացման հարցն է: Ներկայումս դիտարկվում է ՀԱՊԿ գոյություն ունեցող բոլոր զորամիավորումների միավորմամբ՝ ՀԱՊԿ հավաքական զորքերի ձևավորման հարցը: Խոսքը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման (КСОР — Коллективные силы оперативного реагирования ), Արագ տեղակայման (КСБР — Коллективные силы быстрого развертывания) և ձևավորման փուլում գտնվող ՀԱՊԿ Խաղաղապահ ուժերի մասին է:

8. Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կոտայքի մարզի Բալահովիտ ավանում նոր բնակարանների բանալիներ է հանձնել մարզի զորամասերից մեկի 33 սպաների:

9. Նոյեմբերի 11-ից 16-ը Հայաստանում էր ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Այցի ընթացքում քննարկվել են ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ԶՈՒ գրանցած առաջընթացին և հետագա անելիքներին, ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական և սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակմանն առնչվող հարցեր: ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնում խումբը հանդես է եկել «Կրտսեր շտաբային սպաների գործառույթները» խորագրով դասախոսություններով:

10. Ջուրը ռազմավարական նշանակության պաշար է, որը պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքների (ջրամբար, ջրատար) ստեղծման միջոցով վերահսկել ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական իրավիճակում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանից և մասնավորապես Արցախից բազմաթիվ գետեր են հոսում դեպի Ադրբեջան, Հայաստանի ջուրը կարող է դառնալ ճնշման գործիք Ադրբեջանի նկատմամբ: Այդ հարցը մտահոգում է նաև հարևան պետությանը. Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ «Ադրբեջանի տեղը «հիդրոպատերազմներում»» անունով զեկույցը, որտեղ շոշափվում է նաև Արցախի ջրային ռեսուրսների հարցը։

11. Նոյեմբերի 19-ին՝ երկուշաբթի, սկսվելու է աշնանային զորակոչը։ Այդ կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին։ Բացի զորակոչի հետ կապված խնդիրներից, նախարարն անդրադարձել է նաև բանակին ու ազգային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

12. Նոյեմբերի 17-ին «Արզնի» օդանավակայանում տեղի ունեցավ ԱԹՍ-ների «Արմռոբոտիքս-2012» մրցույթը։ Լուսանկարներ մրցույթից՝ Ռազմ.Ինֆոյի ֆեյսբուքյան էջում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *