Մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անձնակազմին մարզելու, տարբեր իրավիճակներում անձնակազմի ճիշտ և ներդաշնակ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պլանային ուսումնա-մարտական միջոցառումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Պլանային միջոցառումների անցկացման նպատակն է ստուգել և ամրապնդել ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության և փոխգործելիության աստիճանը:
Նշենք, որ նմանատիպ վարժանքներ ՀՀ ՊՆ-ում անցկացվել են նաև 2014, 2015 և 2016 թվականների նույն օրերին: Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները ժամանակին սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: