Վիգեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նախորդ տարեվերջին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի մասին: Իր հերթին նախարար Կոցիասը վերահաստատել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ հունական կողմի պատրաստակամությունը:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:

Պաշտպանական ոլորտում Հայաստանը և Հունաստանը համագործակցում են մասնավորապես խաղաղապահության և ռազմական կրթության ոլորտներում. հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում Հունաստանում: Նոյեմբերին Երևանում ստորագրված Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագրում մասնավորապես ներառված են համատեղ վարժանքներ, կրթական ծրագրեր, փորձի փոխանակման միջոցառումներ:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Վիգեն Սարգսյանի այցելած առաջին երկրներից մեկը հենց Հունաստանն էր:

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Հունաստանը մեզ համար ամենակարևոր գործընկերներից է, որի հետ Հայաստանն ունի ռազմատեխնիկական գործակցության հարուստ փորձ: Համատեղ ստեղծվել է առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը», — նշել էր նախարար Սարգսյանը:

Այցի ընթացքում նախարար Սարգսյանը Հունաստանում հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, նախագահ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ, քննարկել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Մինչ այդ՝ 2016-ի փետրվարին, պատրաստվել է Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարությունում: Համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների միջև զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում և այլն:

Մինչ այդ՝ 2015-ի դեկտեմբերին, Հայաստան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարարը և հանդիպումներ ունեցել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *