Երկուշաբթի օրը Հայաստանում սկսվում է աշնանային զորակոչը։ Այդ առիթով Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարը հյուրընկալել էր Հայասատանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Բնականաբար, առաջին հարցը հենց զորակոչին էր վերաբերում։ Սեյրան Օհանյանը պատմեց գարնանային զորակոչի հետ համեմատ մի շարք փոփոխությունների մասին։ Նախևառաջ ընդլայնվել են մարզային բժշկական հանձնաժողովների լիազորությունները, որոնք էլ ընդունելու են զորակոչելու մասին որոշում։ Իսկ հանրապետական զինհանձնաժողով ուղարկվելու են միայն այն զորակոչիկները, ում մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։ Հանրապետական հանձնաժողովի կազմի մեջ այսուհետև ընդգրկվելու են նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներ։
Նախարարը կարևորեց նախազորակոչային տարիքի քաղաքացիների հետ տարվող աշխատանքը։ Նրա խոսքերով առաջիկայում մեծ ուշադրություն է դարձվելու 16-18 տարեկան երիտասարդների առողջական խնդիրների լուծմանը և առողջապահության նախարարության հետ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու։ Բացի այդ, արդեն 2-րդ տարին է, ինչ Հայաստանում ներդրվել են «Հայրենիքի պաշտպանի գրքույկներ»։ Այդ գրքույկները բացում և վարում է զինկոմիասարիատը նախազորակոչային տարիքի անձանց համար։ Զորակոչվելուց հետո գրքույկն ուղարկվում է ծառայության վայր և այն շարունակում են վարել արդեն հրամանատարները։ Նման գրքույկները հրամանատարներին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրենց զինվորներին, նրանց վարքի, խնդիրների, ունակությունների մասին լրացուցիչ տեղեկություններ ունենալ և այլն։ Զորացրվելուց հետո «Հայրենիքի պաշտպանի գրքույկը» վերադարձվում է զինկոմիսարիատ։
Զրույցը, սակայն, չսահմանափակվեց միայն զորակոչով։ Անդրադարձ եղավ նաև մի շարք այլ հարցերի։ Առավել ուշագրավներից էր վերջին երկու խոշորամասշտաբ զորավարժությունների վերաբերյալ հատվածը։ Խոսելով ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունից՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք ցույց տվեցին մեր ստորաբաժանումների և ՀԱՊԿ ստորաբաժանումների փոխգործունակ լինելը։
Վերջին շրջանի մյուս խոշոր իրադարձությունը հրամանատարա-շտաբային զորավարժությունն էր, որն իր մեջ ներառում էր հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կառույցների գործառույթների ստուգման, ճշտման, զինված ագրեսիայի դեպքում աշխատանքի բնույթի, փոխգործակցության մակարդակի հետ կապված խնդիրներ և ընդգրկում էր ամբողջ հանրապետությունը։
Չշրջանցվեց նաև վերջերս աղմուկ հանած պաշտոնանկությունների թեման։ Եթե երկու բառով շարադրելու լինենք Սեյրան Օհանյանի խոսքերը, ապա կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը տարեցտարի ավելի ու ավելի է խստացվելու և հետևողական դառնալու։
Բնականաբար, հարցազրույցն անցկացնող Նվեր Մնացականյանը չէր կարող չանդրադառնալ նաև արցախյան հակամարտությանը։ Այդ առումով, Սեյրան Օհանյանը երկու շատ կարևոր հայտարարություն արեց.
Ա. Ադրբեջանը պատրաստվում է Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծմանը։
Ինչու՞ ենք մենք սա կարևորում։ Պատերազմը սկսելու ադրբեջանական չկատարվող սպառնալիքների ֆոնին շատերի մոտ թյուր տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները առհասարակ պատերազմի չեն պատրաստվում։ Ոչ, այդպես չէ, նրանք հենց պատերազմի են պատրաստվում, և եթե կա մի բան, որում մենք պիտի հավատանք ադրբեջանցիներին, դա մեր վրա հարձակվելու մտադրության մասին նրանց հայտարարություններն են։
Իսկ ինչո՞ւ չեն հարձակվում։ Դա արդեն նախարարի երկրորդ կարևոր հայտարարությունն էր.
Բ. Ադրբեջանին զսպող միակ գործոնը մեր բանակն ու պատերազմին մեր պատրաստ լինելն է։
Այս հայտարարությունն էլ ենք շատ կարևոր համարում։ Որքան էլ հաջողված լինեն ՀԱՊԿ տարատեսակ զորավարժությունները, որքան էլ մենք ՆԱՏՕ-ի հետ լինենք գործընկերներ, որքան էլ «միջազգային հանրությունը» խոսի լայնամասշտաբ պատերազմի վերսկսման անթույլատրելիության մասին, միևնույնն է, Ադբեջանին իրական զսպող միակ գործոնը մենք ինքներս ենք։
Այնուհետև Սեյրան Օհանյանն անդրադարձավ պաշտպանության բնագավառում ընթացող ռեֆորմների ուղղություններին։ Որպես առաջնահերթ ուղղություններ նա նշեց.
- Ռազմական գիտության վերանայում և զարգացում։
- Կառուցվածքային փոփոխություններ, մարդկային ռեսուրսի ավելի արդյունավետ կառավարման խնդիրներ։
- Մարտական հերթապահություն, մարտական պատրաստություն, սպառազինություն։
Հարցազրույցի ավարտին՝ կրկին վերադառնալով զորակոչին, Հայաստանի պաշտպանության նախարարը կոչ արեց առհասարակ բոլոր զինապարտներին նախապես պատրաստվել հայրենիքը պաշտպանելուն, այդ թվում` ֆիզիկապես։