ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարությունը մտադիր է 2017-ին «դիրքերից իջեցնել» ժամկետային զինծառայողներին: Այս մասին ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովը:
Գնդապետի խոսքով՝ այս պահին մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրային է:
Բանակային կորպուսի հրամանատարի խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո բազմապատկվել է զինծառայողներին հասանելիք սպառազինությունը, ինչպես նաև կահավովել են լրացուցիչ տեղեր՝ զինամթերքը պահելու համար:
«Խոշորացրել ենք դիրքերում կրակային միջոցների տրամաչափը: Ինժեներական ծավալուն աշխատանք ենք իրականացրել՝ ավելացրել ենք դիրքեր, ստեղծել ենք հրետանու կրակից պաշտպանվելու հավելյալ հնարավորություններ: Այժմ կատարելագործում ենք դիտարկման համակարգը: Եթե նախկինում ամրապնդում էինք պաշտպանությունը, այսօր հենակետերը լրակահավորում ենք ակտիվ մարտ վարելու նպատակով», — նշել է գնդապետ Խաչատուրովը:
Զորամիավորման հրամանատարը նաև հայտնել է, որ որոշ գյուղերում ձևավորել են հրամանատարության հետ համագործակցող խմբեր: Պահեստազորայիններն իրենց տներում ունեն համազգեստ, իսկ նրանց հասանելիք զենքը զորամասում է: