Ռուսաստանի օդուժը 2017-ին ստանալու է 17 միավոր նոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչ և 10 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա նշել է, որ Սու-30ՍՄ ինքնաթիռներն արտադրող «Իրկուտսկի ավիաշինական գործարանի» հետ, պայմանգիր է կնքվել, որով էլ իրականացվելու է Ռուսաստանի օդուժին ինքնաթիռների մատակարարման գործընթացը:
Նշենք, որ 2016-ի դեկտեմբերին ՌԴ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմը համալրվել է ևս 3 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով՝ Սև ծովի ռուսաստանյան նավատորմում դրանց թիվը հասցնելով առնվազն 12-ի:
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին, լրատվամիջոցները տարածել էին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանից Սու-30 կործանիչներ գնելու հարցը Իրանի ՊՆ օրակարգում է: Սակայն, ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ռուսաստանից Սու-30 կործանիչներ գնելու մասին տեղեկությունները:
Սու-30ՍՄ կործանիչը Սու-30ՍԿԻ ինքնաթիռի արդիականացված տարբերակն է, որը կարող է ճանաչել «յուրայիններին ու օտարներին»: Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա նախագծված Սու-30-ը շահագործվում է 1992 թվականից։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող կործանիչի առավելագույն արագությունը 2100 կմ/ժ է, կարող է թռիչք իրականացնել մինչև 3000 կմ հեռավորության վրա, թռիչքի առաստաղը՝ 17,3 կմ է։
Սպառազինությունում Սու-30 կործանիչն ունի 20մմ-անոց ավիացիոն հրանոթ և 12 կախոց՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար: Կարող է կրել մինչև 8 տոննա սպառազինություն: