ՀՀ նախագահ. Նոր պատերազմի վտանգը մշտական է, քանի դեռ Ադրբեջանը տեսնում է ռազմական լուծում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային ուժերին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմից խուսափելու համար: Այս մասին ՀՀ նախագահը հայտնել է ֆրանսիական AFP գործակալության հետ հարցազրույցում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում ընթացող զորավարժության ժամանակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում ընթացող զորավարժության ժամանակ
Նկարը՝ 2014 թ. օգոստոս

«Նոր պատերազմի վտանգ մշտական է, և այն լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», — նշել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևը սաբոտաժի է ենթարկում առաջընթացը [բանակցային գործընթացում]՝ սպառնալով մարտեր սկսել իր պահանջները չկատարելու դեպքում: Ալիևի այս պահանջին պատասխանելով՝ Սարգսյանը նշել է, որ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում:

Նախագահ Սարգսյանը Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ — խմբ) կոչ արեց «ցույց տալ, թե ինչ արժեք կվճարի հարձակումը նախաձեռնող կողմը: Սա, ըստ նախագահի, սթափեցնող նշանակություն կունենա:

«Հայաստանում հանրային կարծիքն այն է, որ մարտական գործողությունների վերսկսումը ժամանակի հարց է — գուցե շաբաթների կամ ամիսների — և գերագույն գլխավոր հրամանատարն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն, եթե պատերազմ սկսվի վաղը», — նշել է նախագահը:

Սրա վերաբերյալ նախագահ Սարգսյանը նշել է, որ իր կարծիքով նոր պատերազմն այսրոպեական վտանգ չէ, բայց ոչինչ բացառված չէ, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ:

Շեշտելով, որ միջազգային ճնշումը և Երևանի ու Բաքվի միջև ռազմական հավասարակշռությունը մինչև այժմ օգնել է խուսափել նոր պատերազմից՝ Սարգսյանը նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդ դոլարներ արժեցող ժամանակակից զենքերի վաճառքի կապակցությամբ:

«Մենք դա ցավով ենք ընդունում, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *