Այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Գազայի կառավարական շենքերը, այդ թվում պաղեստինյան ազգային ինքնավարության կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյեհի գրասենյակը, որտեղ դեռ երեկ նա ընդունել էր Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլիին, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
ՀԱՄԱՍ-ն իր հերթին տասնամյակների ընթացքում առաջին անգամ հրթիռ է արձակել Երուսաղեմի ուղղությամբ, ինչպես նաև շարունակել է մայրաքաղաք Թել Ավիվի հրթիռակոծումը: Պաղեստինից վերջին անգամ Երուսաղեմի վրա կրակել էին 1970թ.։
Իսրայելը հայտարարել է, որ Երուսաղեմի վրա արձակած հրթիռը ընկել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ Թել Ավիվինը ընկել է ամայի տարածքում: Զոհեր և վիրավորներ չկան:
Իսրայելի կառավարությունը 4-ժամյա քննարկումից հետո բանակին լիազորել է մոբիլիզացնել 75,000 պահեստազորային՝ Գազայի հատված հավանական ներխուժմանը պատրաստվելու համար: Սակայն սա չի նշանակում, որ բոլորն անպայման զորակոչվելու են: Առայժմ զորակոչվել են 16000 պահեստազորային:
Գազայի ղեկավարությունը հայտարել է, որ պաղեստինյան կողմից զոհվածների թիվը 30 է՝ 14 մարտիկ և 16 քաղաքացիական: Իսրայելի Կիյաթ Մալաչի քաղաքում հրթիռի պայթունի պատճառով զոհվել են 3 քաղաքացի:
Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին ՀԱՄԱՍ-ի արձակած 133 հրթիռներ պայթել են Իսրայելի տարածքում, սակայն չի հստակեցվում, թե հրթիռներից քանիսն են ընկել ամայի տարածք, իսկ քանիսը բնակավայրերում: Եւս 82 հրթիռ ոչնչացվել է «Երկաթե Գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային համակարգով:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատված տանող ճանապարհը և տարածքին հարող 2 այլ ճանապարհ այսուհետ փակ են լինելու քաղաքացիական երթևեկության համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ:
Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Օբաման քննարկել է լարված իրավիճակի նվազեզման տարբերակները: Իսկ Մուրսիի հետ հեռախոսազրույցում Օբաման գնահատել է Գազայում բռնությունների դադարեցման Եգիպտոսի ջանքերը:
Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Երդողանը հեռախոսով քննարկել են Գազայի իրավիճակը և համաձայնվել, որ բռնությունը պիտի հնարավորինս շուտ դադարեցվի,— հայտնում է Ռուսաստանի ձայնը գործակալությունը: