Անցյալ երկու շաբաթվա ընթացքում ներկա և նախկին առնվազն հինգ ԱՄՆ գեներալներ հայտնվել են սկանդալների կենտրոնում, որոնց հետևանքով եղել են հետաքննություններ, հրաժարականներ, կոչումի իջեցում ու նկատողություններ:
Razm.info-ն արդեն գրել է Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ) ղեկավար, նախկինում 4 աստղանի գեներալ, Իրաքի և Աֆղանստանի ԱՄՆ զորքերի գլխավոր հրամանատար Դեյվիդ Պատրեուսի ամուսնական դավաճանության պատճառով հրաժարականի մասին: ԿՀՎ-ն հետազոտական հետաքննություն է սկսել, որը ըստ ԿՀՎ-ի խոսնակի, որևե կոնկրետ արդյունք չի ակնկալում:
Պատրեուսի գործի հետաքննության ընթացքում բացահայտվել է և այժմ նույնպես քննվում է նաև Աֆղանստանում ԱՄՆ զորքերի ներկայիս գլխավոր հրամանատար՝ գեներալ Ջոն Ալենի «հնարավոր ոչ պատշաճ կապը» (potentially inappropriate communications) ոմն Ջիլ Քելլիի հետ: Ալենը սակայն պնդում է, որ սխալ բան չի արել: :
Միաժամանակ ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության նախկին պետ՝ 4 աստղանի գեներալ Վիլիամ Վարդի կոչումն իջեցվել է գեներալ-լեյտենանտի և հրամայվել է հատուցել ճանապարհորդության ժամանակ ծախսած 82000 դոլարը, ինչը շռայլություն է համարվել: Ըստ ամերիկյան ռազմական գերատեսչության մի պաշտոնյայի՝ Վարդը մեղադրվում է մի քանի հարյուր հազար դոլարի ծախսելու համար:
Բրիգադային գեներալ Ջեֆրի Սինքլերը մեղադրվում է 5 կանանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ Տուժողների թվում են նաև կին սպաներ, որոնք Սինքլերի հետ են ծառայել: Սակայն Սինքլերի կինը՝ Ռեբեկա Սինքլերը, հայտարարել է, որ սատարում է իր ամուսնուն և որ մեկ տասնամյակ տևող պատերազմն է վերջին ժամանակի աղմկոտ սկանդալների պատճառը: Ըստ նրա, իր ամուսինը վերջին տասնամյակի վեց տարին անցկացրել է տնից հեռու, իսկ ընտանիքը ստիպված է եղել 11 անգամ տեղափոխվել:
Սկանդալների կապակցությամբ ԱՄՆ նավատորմի հրամանատար Ռեյ Մաբուսը զգուշացրել է ՆԱՏՕ-ի հրամանատար ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին, որպեսզի իր աշխատակազմին ավելի լավ վերահսկի: Զգուշացման պատճառն իրեն ենթակա սպայակազմի ճանապարհորդական և այլ ծախսերի հետաքննության արդյունքներն էին: