Ջրային պաշարների ճիշտ կառավարումը գործիք Ադրբեջանի նկատմամբ

Հանրահայտ փաստ է, որ որևէ երկրի համար ջուրը ռազմավարական նշանակության պաշար է: Այն առանցքային կարևորություն ունի թե պետության բնակչության կենսական պահանջների բավարարման, թե տնտեսության զարգացման տեսանկյունից:

Իսկ հաշվի առնելով ջրի կարևորությունն ու երկրագնդի վրա դրա անհավասար բաշխվածությունը՝ ջրային պաշարները կառավարելու անհրաժեշտություն է առաջանում, և բավական հաճախ հնչող այն միտքը, թե «21-րդ դարում պատերազմները լինելու են ջրի համար» այնքան էլ հեռու չէ իրականությունից։

Ջրային պաշարների կառավարում ասելով հասկանում ենք, որ պետությունը ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքները (ջրամբարներ, ջրատարեր և այլն), վերահսկում է իր տարածքում եղած ջրային ռեսուրսների ծախսը ինչպես խաղաղ ժամանակշրջանում, այնպես էլ պատերազմի ժամանակ։

Վերը նշվածը արդիական է նաև պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար։ Բացի այն, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը մեծ նշանակություն ունի էներգետիկ անվտանգության և գյուղատնտեսության, ինչպես նաև բնապահպանության համար (հիշենք թեկուզ Արփա-Սևան թունելի կառուցումը), այն նաև կարող է ճնշման գործիք դառնալ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Հայաստանից և մասնավորապես Արցախից բազմաթիվ գետեր են հոսում դեպի Ադրբեջան։

Ուշագրավ է, որ այս հարցը մտահոգում է նաև հարևան պետությանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Այսպես, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Թրենդ.ազ գործակալությունը, Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Ադրբեջանի տեղը «հիդրոպատերազմներում»» անունով մի զեկույց է պատրաստել, որտեղ նաև շոշափվում է Արցախի ջրային ռեսուրսների հարցը։

Ընդ որում` ցանկանում եք ընդգծել, որ այս «հիդրոպատերազմների» համատեքստում Հայաստանի հիդրոանվտանգության համար կենսական նշանակություն ունեն Արցախի ազատագրված շրջանները։ Այսպես օրինակ` ազատագրված Քարվաճառում են սկիզբ առնում մի շարք գետեր, այդ թվում` Թարթառը և Խաչենը։ Էլ չենք ասում մերձարաքսյան շրջանների տնտեսական կարևորության մասին, որոնք Արաքսի շնորհիվ ունեն հսկայական էներգետիկ և գյուղատնտեսական պոտենցիալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *