Իրաքի զինուժը գրավել է Մոսուլի գլխավոր կառավարական համալիրները

Մարտի 6-ին Իրաքի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազտագրել է Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածի գլխավոր կառավարական համալիրները և մի քանի այլ կառույցներ: Այս մասին հայտնում է արաբական «Ալ Մասդար նյուզ» լրատվակայքը: 

Բացի այդ, կառավարական ուժերը ԻՊ-ից ազատագրել են նաև Մոսուլի կենտրոնական բանկի մասնաճյուղը, գլխավոր դատարանի շենքը, հնագիտական թանգարանը: Իսկ ավելի վաղ կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլ քաղաքի 5 կամուրջներից 2-րդը՝ «ալ Հուրիյա» կամուրջը:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը (1, 2): Այսպիսով, կառավարական ուժերին արդեն հաջողվել է վերահսկողություն սահմանել Մոսուլի 2 կամուրջների վրա:

Ավելի վաղ՝ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի բանակը վերահսկողություն է սահմանել նաև Մոսուլ քաղաքի ոստիկանության վարչական շենքի վրա:

Մոսուլ քաղաքում իրաքյան բանակի հաջողությունների և ազատագրած տարածքների մասին տեղեկություններ են տարածվում նաև համացանցում:

Մարտի 5-ին տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են Իրաքի կառավարական բանակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված «Հաշդ ալ-շաաբի» («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ջոկատները պայթեցնում Մոսուլում ԻՊ զինյալների պայթուցիկներով բեռնված մեքենան:

Փետրվարի 23-ին, Իրաքի կառավարական բանակը ազատագրել էր Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտաակայքում գտնվող «Գազանի» ռազմաբազան: Օդանավակայանի ազատագրումից հետո ԻՊ-ի համար դժվար է քաղաքի հարավից արևմուտք աջակցություն ստանալ:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է 2016 թ. հոկտեմբերի վերջից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *