Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Մեծ Բրիտանիայի ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ ՊՆ-ում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Քննարկվել են նաև 2017-2018 թթ. համագործակցության ծրագրերը ռազմական կրթության և վարժանքների, կրտսեր հրամանատարների և խաղաղապահ հրահանգիչների պատրաստման, բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և այլն:
Այնուհետև ՀՀ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանության բնագավառում 2017-2018 թթ համագործակցության պլանը:
Ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումներն անցկացվել են Հայաստանում 2014թ․ սեպտեմբերին։ Քննարկումների արդյունքում ստորագրվել էր հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը։
Ավելի ուշ՝ 2015թ․ հուլիսին, Նիք Գըրն այցելել էր Հայաստան և ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել Հայաստան-Բրիտանիա և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր։
ՀՀ և Բրիտանիայի ՊՆ-ների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում 2016-ի հունվարի 14-ին անցկացված հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալը և Նիք Գըրը ստորագրել էին Հայաստանի և Բրիտանիայի ՊՆ-ների միջև պաշտպանական բնագավառում 2016-2017 թվականների համագործակցության պլանը: