Գերմանիայի զինված ուժերի որոշ տեսակներ ունեն զինամթերքի պակասորդ: Այդ պատճառով Գերմանիան մտադիր է ձեռք բերել 5,56 մմ տրամաչափով 25 մլն փափուշտ G36 ինքնաձիգների և MG4 գնդացիրների համար:Այս մասին հայտնում է Lenta.ru լրատվակայքը՝ հղում անելով գերմանական Die Welt-ին:
Լրատվակայքը փոխանցում է, որ որոշ զինատեսակների վառելիքի մնացորդները կբավականացնեն միայն մի քանի օր, այդ դեպքում, որ սառը պետերազմի օրերին սովորաբար պահեստներում 30-օրյա մարտական գործողությունների համար նախատեսված չափաքանակով զինամթերք էր լինում:
Գերմանիայի զինված ուժերը հաստատել են գործարքի մասին տեղեկատվությունը, զինամթերքը մատակարարվելու է նոյեմբեր ամսին: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս՝ 2016-ի դեկտեմբերին, Գերմանիայի պաշտպանության նախարարությանը հայտնել էր երկրի զինված ուժերի սպառազինության մարտունակության անկման մասին: Մասնավորապես՝ 219 միավոր Tornado և Eurofighter Typhoon ինքնաթիռներից 69-ն են աշխատունակ: Նոր մատակարարված 5 միավոր A-400M ինքնաթիռներից միայն մեկն է պիտանի թռիչք իրականացնելու համար։ 244 միավոր «Լեոպարդ-2» տանկերից մարտունակ են միայն 132 միավորը:
Իսկ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում 2015-ի դեկտեմբերից և 2016-ի հունվարից Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռները ևս տեխնիկական խնդիրներ ունեին, չէին կարողանում գիշերային թռիչքներ կատարել, սակայն ավելի ուշ խնդիրները լուծվել էին: