«Պաշտպանիչ սյուն». գործողության 3-րդ օրը:

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը ռմբակոծել են պաղեստինյան ազգային ինքնավարության կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյեհի տունը, սակայն «Համաս» շարժման անդամ Հանիյեհը ռմբակոծման պահին տանը չի եղել և չի տուժել: Ըստ իսրայելական տեղեկությունների` «Պաշտպանիչ սյուն» գործողության մեկնարկից հետո Իսրայելի բանակը 500-ից ավել թիրախ է խոցել, որից 250-ը անցած գիշեր:

Նոյեմբերի 15-ին Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Համասի արձակած շուրջ 300 հրթիռներից 130-ը ոչնչացվել են «Երկաթե Գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային համակարգով, իսկ մյուսները պայթել են Իսրայելի տարածքում, սակայն չի հստակեցվում, թե չոչնչացված հրթիռներից քանիսն են ընկել ամայի տարածքն, իսկ քանիսը բնակավայրերում:

Պաշտոնական տվյալներով Իսրայելի ռմբակոծություների պատճառով զոհվել է 19 պաղեստինցի, որոնցից 7-ը եղել են Համասի զինյալ, իսկ Համասի արձակած հրթիռներից Կիյաթ Մալաչի քաղաքում զոհվել է 3 իսրայելցի:

Խոսնակը նաև ավելացրել է, որ բանակը թույլատվություն է ստացել զորակոչել մինչև 30 հազար պահեստազորայիների, որոնցից 16 հազարն արդեն զորակոչվել են:

Պաղեստինցիներն հրթիռային կրակ են բացել 70 կմ հեռավորության վրա գտնվող և 3 միլիոն բնակչություն ունեցող Թել Ավիվ քաղաքի վրա: Արձակված 2 հրթիռներից մեկն ընկել է Միջերկրական ծովը, իսկ մյուսը` քաղաքից դուրս անբնակելի հատվածում: Վերջին անգամ Թել Ավիվը հարձակման էր ենթարկվել 20 տարի առաջ` 1991թ. Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ: Թել Ավիվի վրա հարձակումից հետո, Իսրայելի օդուժն ավելի քան 70 հրթիռ է արձակել Գազայի հատվածի վրա:

Իսրայելի պաշտոնյաները չեն բացառում իսրայելական զորքերի ներխուժումը Գազայի հատված, ինչպես դա եղել էր 2008թ.:

Պաղեստինցիներին աջակցություն ցուցաբերելու համար Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլին և եգիպտական այլ պաշտոնյաներ այսօր այցելելու են Գազա: Իսրայելը խոստացել է, որ պատվիրակությանը վտանգ չի սպառնա:

Եգիպտական կառավարական աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, Ռոյթերս գործակալությանը տեղեկացրել է, որ Եգիպտական պատվիրակությունը փորձելու է միջնորդել հրադադար հաստատելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *