ԱՄՆ-ն չի շտապում ճանաչել Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան

Ֆրանսիան առաջին Եվրոպական պետությունն է, որը նոյեմբերի 13-ին պաշտոնապես ճանաչել է նոր ձևավորված Սիրիայի Ազգային կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ և հայտարարել, որ երբ նրանք կառավարություն ձևավորեն, կմտածի նրանց զինելու մասին:

Սիրիայի Ազգային կոալիցիան ձևավորվել է Սիրիայի անջատ գործող ապստամբ խմբավորումներից` նոյեմբերի 11-ին, Քաթարում: Նոր ընտրված ղեկավար Մոուազ Ալխաթիբը Եվրոպական երկրներից խնդրել էր քաղաքական ճանաչում և ֆինանսական օգնություն շնորհել կոալիցիային: «Երբ մենք քաղաքական ճանաչում ստանանք, դա կոալիցիային թույլ կտա գործել որպես կառավարություն և զենք ձեռք բերել, որն էլ կլուծի մեր խնդիրները»,- ասել է Ալխաթիբը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ես այսօր հայտարարում են, որ Ֆրանսիան Սիրիայի ազգային կոալիցիային ճանաչում է որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ և ապագա ժողովրդավարական Սիրիայի կառավարություն հնարավոր դարձնելով Բաշիր ալ Ասադի ռեժիմին վերջ բերելու»:

Օլանդը ավելացրել է, որ ապստամբներին սպառազինելու հարցը կքննարկվի, երբ կոալիցիան ձևավորի անցումային կառավարություն:

Նոյեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ դեռ պատրաստ չի Սիրիայի ազգային կոալիցիային ճանաչել, որպես «Աքսորված կառավարութուն» և նրանց սպառազինել:

«Մենք նրանց համարում ենք Սիրիայի ժողովրդի ձգտումների օրինական ներկայացուցիչներ, սակայն դեռ պատրաստ չենք նրանց ճանաչել որպես «Աքսորված կառավարություն»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Օբաման: Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները ապստամբներին չեն զինելու, քանի որ մտահոգություն կա, որ զինամթերքը կարող է հայտնվել ծայրահեղակաների ձեռքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *