Հայաստանում էր ռազմակրթական բարեփոխումների գծով ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 11-ից 16-ը ՀՀ-ում էր գտնվում ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը:

Աշխատանքային այցի առաջին օրը փորձագիտական խմբի և ռազմակրթական բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները քննարկել են ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ԶՈՒ գրանցած առաջընթացին և հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Այնուհետև փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, հանդես եկել «Կրտսեր շտաբային սպաների գործառույթները» խորագրով դասախոսություններով:

Այցի ընթացքում փորձագիտական խումբn այցելել է նաև ՊՆ ենթասպաների դպրոց, որտեղ քննարկվել են ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական և սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակման հարցեր:
Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները և առաջարկությունները ՀՀ ռազմակրթական բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախանշվել են ռազմակրթական բարեփոխումների միջազգային խորհրդատվական օժանդակության հետագա ուղիները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *