Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին ժամը 11:00-ից Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»: Փորձնական թռիչքի ընթացքում կստուգվեն ռոբոտների «պատրաստվածության» մակարդակը, մասնակիցները իրական պայմաններում կփորձարկեն իրենց սարքերը և մրցույթի եզրափակիչ փուլի համար կկատարեն վերջին փոփոխությունները:
Եզրափակիչ փուլը կանցկացվի 2013 թվականի մայիսին: Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկային կետ:
Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր (quadrocopter), օդանավ, դիրիժաբլ և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:
ՊՆ աջակցությամբ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: