Սիրիայում բախումներ են գրանցվել թուրքամետ զինյալների և քրդական ուժերի միջև

Սիրիայի հյուիսային Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի մոտակայքում բախումներ են ընթանում Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման և Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման զինյալների միջև: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր-7» լրատվակայքը:

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման զինյալներ:

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման զինյալներ:

Համաձայն աղբյուրի՝ Ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավելուց հետո, թուրքամետ զինյալները շարժվել են դեպի արևելք՝ Մանբիջի ուղղությամբ: Մանբիջից արևմուտք ընկած տարածքներում քրդական ուժերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների միջև մի քանի օր է, ինչ մարտեր են ընթանում: Թուրքիայի զինուժին աջակցող զինյալները արդեն մի քանի գյուղ են գրավել քրդական ուժերից:

Միևնույն ժամանակ, նշենք, որ Թուրքիայում վերջին շրջանում ակտիվ քննարկող հարցերից մեկն այն է, թե Ալ-Բաբից հետո թուրքական զինուժը և նրանց աջակցող զինյալները որ ուղղությամբ են շարժվելու. Ռաքքա, թե՞ Մանբիջ:

Ըստ լրատվակայքի՝ Թուրքիան սպասում է ամերիկյան կողմի որոշման, ինչից հետո պարզ կլինի, թե որ ուղղությամբ են շարժվելու Թուրքիայի զինուժը և աջակից զինյալները: Սակայն, փետրվարի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ալ-Բաբից հետո ուղղությունը լինելու է դեպի Մանբիջ:

Քրդական ուժերի և թուրքամետ զինյալների բախումների մասին նաև սոցցանցերում են հայտնվել տեղեկություններ:

Նշենք, որ Թուրքիան քրդական YPG-ն համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում որպես «ահաբեկչական»: Դրա հակառակ ԱՄՆ-ն քրդական YPG և PYD-ն դիտում է իբրև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում հիմնական դաշնակից, ինչի հետևանքով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի ճգնաժամի հարցում ոչ թե իրենց դաշնակից Թուրքիային, այլ քրդերին աջակցելու համար:

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը շարունակում է աջակցել Սիրիայի քրդական ուժերին: Մասնավորապես ԱՄՆ-ն ԻՊ դեմ կռվող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կուսակցությունը զինատեսակներ և զրահափոխադրիչներ է ուղարկել: Սա 2017-ին երկրորդ օգնությունն է, որը քրդերը ստանում են ԱՄՆ-ից: 2017-ի հունվարի 31-ին Սիրիայի քրդական կուսակցությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից ստացել է զրահապատ մեքենաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *