Այսօր Իսրայելի բանակը շարունակել է Գազայի հատվածի ռմբակոծումը: Իսրայելական տանկերը հրետակոծել են սահմանային գոտին, իսկ նավատորմը Միջերկրական ծովից կրակ է բացել Համասի պաշտպանական դիրքերի վրա:
«Պաշտպանիչ սյուն» գործողության մեկնարկից հետո Իսրայելը հարվածել է Համասի շուրջ 100 թիրախների, որոնց թվում են ռազմական վարժեցման կառույցները և հրթիռային կայանները:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է զինյալների ամենավտանգավոր հրթիռները: Ըստ հաշվարկների, հարձակումից առաջ Համասն իր զինանոցում ունեցել է մոտ 10 հազար հրթիռ ու ական:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարավային շրջաներում այսօր արտակարգ դրություն է հայտարարել և տեղեկացրել, որ Գազայի հատվածից արձակած հրթիռի պայթյունից զոհվել է 3 քաղաքացի: Գազայի սահամանամերձ շրջաններում 40 կմ շառավղով փակվել են դպրոցները և սահմանակից տարածքների բնակիչներին արգելվել է դուրս գալ իրենց տներից:
Ըստ պաշտպանության նախարարության վերջին տվյալների, «Պաշտպանիչ սյուն» գործողության մեկնարկից հետո, Գազայի հատվածից 196 հրթիռ է արձակվել Իսրայելի վրա, որոնց մեծամասնությունը ոչնչացվել է «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային համակարգով: «Գրադ» կայանքների հրթիռներից չորսն ընկել են Բիրշեբա քաղաքի վրա:
Իսրայելի կառավարությունը ռազմական պահեստազորը մոբիլիզացնելու նախնական թույլատվություն է տվել, իսկ պաշտպանության նախարության խոսնակ Յոավ Մորդեչին հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում Գազայի հատված զորք կմտցվի»:
Իսրայելի բանակն այսօր տեսահոլովակ է տարածել, որտեղ Համասի մահմեդական խմբավորման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարինի ավտոմեքենան շարժվում է ճանապարհով, ապա պայթում:
Համասի վարչապետ Իսմայիլ Հանիյեհն Ահմեդ ալ-Ջաաբարինի սպանության համար վրժխնդրության կոչ է արել: «Մենք սգում ենք մեր զոհված առաջնորդի մահը, ով քայլում էր Ջիհադի ճանապարհով և գիտեր, որ դրա վերջը կամ հաղթանակ է, կամ նահատակություն: Մեր ժողովրդի և դիմադրության մեջ վախ չկա, և մենք կդիմակայենք այս դաժան հարձակմանը»:
Գազայի տարածքում գործող Իսլամական «Ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ «Իսրայելը պատերազմ է հայտարարել Գազային և հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
Եգիպտոսի մահմեդական նոր կառավարությունը դատապարտել է հարձակումը, Իսրայելից ետ կանչել իր դեսպանին և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում արտակարգ նիստ հրավիրել:
Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել հարձակումը, իսկ Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները ճգնաժամը քննարկելու համար համաձայնել են հանդիպել շաբաթ օրը: