Ռուսաստանյան «Սպլավ» ընկերությունը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար արտադրել է անօդաչու թռչող սարք, որն ամրակցված է հրթիռի մարտական մասին։ Այս մասին հայտարարել է ձեռնարկության գլխավոր նախագծող Նիկոլայ Մակարովեցը։ Փետրվարի 28-ին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Անօդաչուն նախատեսված է օպերատիվ հետախուզության համար։ ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 20 րոպե է, բարձրությունը՝ 500մ։ Կարող է հետախուզել մինչև 25կմ քառակուսի տարածք։
Հրթիռ-ԱԹՍ-ի կրակի առավելագույն հեռահարությունը 90կմ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակարովեցը հայտարարել էր, որ «Սպլավ» ընկերությունը «Սմերչ» համակարգի արդիականացման ուղղությամբ աշխատանքներ է տանում․ մասնավորապես նախատեսվում է մեծացնել հրթիռի հեռահարությունը։
Հրթիռի հեռահարությունը մեծացնելու համար թեթևացվելու է դրա իրանը և օգտագործվելու է նոր տեսակի վառելանյութ։
Նշենք, որ «Սմերչ» համակարգեր կան նաև ՀՀ ԶՈւ սպառազինությունում։ Համակարգերը Հայաստանում ցուցադրվել են սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ։
Նշված զինատեսակը, Հայաստանը գնում է 2015-ին Ռուսաստանից վերցրած 200 մլն դոլար արտոնյալ վարկով: Պայմանագրով նախատեսված է, որ Հայաստանը գնում է համակարգի 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է: