ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների և գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ դեկտեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ զինված ուժերի հզորացման հարցը։ Այդ մասին լրագրողներին հետ հանդիպմանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Կազմակերպությունը, ըստ ՀԱՊԿ ղեկավարի, այժմ նոր մակարդակում է, ինչը ռազմական համագործակցության ու որոշումների կայացման հարցերին որակապես նոր մոտեցում է պահանջում:
Ըստ այդմ՝ ՀԱՊԿ կազմում կարող է ձևավորվել ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբների պետերի հանձնաժողով, ինչը պիտի որոշվի դեկտեմբերի 19-ին կայանալիք նիստի ընթացքում:
Հաղորդվում է, որ հանձնաժողովը կարող է ղեկավարել ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը:
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել է ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբների պետերի չորս խորհրդակցություններին, որոնց ընթացքում մի շարք առաջարկություններ են մշակվել. մասնավորապես՝ դիտարկվում է ՀԱՊԿ արդեն գոյություն ունեցող բոլոր ուժային բաղադրիչների միավորման տարբերակը:
Փաստորեն ենթադրվում է ՀԱՊԿ կազմում արդեն գոյություն ունեցող երեք զորամիավորումները միավորել՝ ձևավորելով ՀԱՊԿ հավաքական զորքեր։
Խոսքը ՀԱՊԿ հետևյալ զորամիավորումների մասին է.
- Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (КСОР — Коллективные силы оперативного реагирования), որը ՀԱՊԿ-ի մոբիլ բաղադրիչն է
- Արագ տեղակայման հավաքական ուժեր (КСБР — Коллективные силы быстрого развертывания)՝ Կենտրոնական Ասիայի թատերաբերում գործողությունների համար նախատեսված ՀԱՊԿ ուժեր)
- ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր՝ նախատեսված են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ որոշմամբ խաղաղապահ գործողությունների իրականացման համար, առայժմ ձևավորման փուլում են:
Փոփոխությունների շնորհիվ պիտի ձևավորվի որոշումների ընդունման, մարտական պատրաստության, նյութատեխնիկական ապահովման միասնական համակարգ:
ՌԴ ՊՆ մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ՀԱՊԿ զորամիավորումների հիմքը ռուսաստանյան ուժերն են։ Բացի այդ ՀԱՊԿ մյուս անդամներից փոքր ինչ ավելի մեծ ներդրում ունի Ղազախստանը: Ներկայումս ՀԱՊԿ ղեկավարությունը նոր նախաձեռնություններով փորձում է կազմակերպությունում ներդնել իրապես գործող ռազմական մեխանիզմներ, որոնց առկայությունը թույլ կտա հակազդել արտաքին հնարավոր ագրեսիային:
Մյուս կողմից՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Գրոզինի կարծիքով՝ սա ՀԱՊԿ անդամ-երկրների համար «ուղերձ» է, որպեսզի վերջիններս առավել զգուշությամբ աշխատեն ՆԱՏՕ երկրների հետ:
Աղբյուրներ՝ http://www.vedomosti.ru/politics/news/6096821/sila_kollektiva
http://www.gazeta.ru/politics/news/2012/11/15/n_2617517.shtml
http://vz.ru/news/2012/11/15/607252.html