«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն արտադրող «Սպլավ» ընկերությունը համակարգի արդիականացման ուղղությամբ աշխատանքներ է տանում․ մասնավորապես նախատեսվում է մեծացնել հրթիռի հեռահարությունը։ Այս մասին հայտարարել է ձեռնարկության գլխավոր նախագծող Նիկոլայ Մակարովեցը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հրթիռի հեռահարությունը մեծացնելու համար թեթևացվելու է դրա իրանը և օգտագործվելու է նոր տեսակի վառելանյութ։
Նշենք, որ «Սմերչ» համակարգեր կան նաև ՀՀ ԶՈւ սպառազինությունում։ Համակարգերը Հայաստանում ցուցադրվել են սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ։
Նշված զինատեսակը, Հայաստանը գնում է 2015-ին Ռուսաստանից վերցրած 200 մլն դոլար արտոնյալ վարկով: Պայմանագրով նախատեսված է, որ Հայաստանը գնում է համակարգի 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ 200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին։