Փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը:
Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր միջդիրքային գոտում մնացած իր սպանված զինծառայողների անունները: Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել էր, թե իբր հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել դիակները հանել միջդիրքային գոտուց: