Փետրվարի 24-ին Սիրիայի Ալ-Բաբ շրջանի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների տեղակայման վայրում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունը եղել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման շտաբի մոտ, ինչի հետևանքով շուրջ 60 մարդ է մահացել, ընդ որում՝ մեծամասամբ քաղաքացիականներ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
Թուրքական «Դողան» գործակալություն տվյալներով մահացել է 40 մարդ, վիրավորներին տեղափոխել են Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի հիվանդանոցներ:
Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի զինուժ և նրանց աջակից, հիմնականում թուրքմեն զինյալնները կարողանում են արագ կերպով առաջ ընթանալ Ալ-Բաբում: Փետրվարի 23-ին, թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ նահանգի Ալ-Բաբ շրջանի կենտրոնի վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի ռազմական աղբյուրը հայտնել էր, որ իրենք դեռևս «կասկածանքով» են վերաբերում Ալ-Բաբի կենտրոնն ամբողջությամբ վերահսկելու մասին տեղեկություններին:
Նշենք. նաև, որ Գերմանական Bild պարբերականի լրագրողներից մեկն օրեր առաջ իր միկրոբլոգում գրել է, որ Ալ-Բաբի մեծ մասի ազատագրման վերաբերյալ թուրքական մամուլի հաղորդագրությունները ճիշտ չեն, և որ ԻՊ զինյալները իրենց վերահսկողության տակ են պահում Ալ-Բաբ շրջանի բնակեցված հատվածի 90 տոկոսը:
#NewsMap
All Turkish media-spread reports about the "liberation of #alBab" are untrue.#ISIS holds 90% of the urban part of the city.#Syria pic.twitter.com/M8dFulhjr3— Julian Röpcke (@JulianRoepcke) February 16, 2017
Միայն Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 68 զինծառայող, որոնց մեծ մասը՝ հենց Ալ-Բաբում: 2016 թ․ վերջի դրությամբ Սիրիայում Թուրքիայի կորցրած զրահատեխնիկայի քանակին մասամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում։
2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին: