Թուրքիայի ռազմածովային ուժերի «ստորջրյա հարձակման» (SAT) հրամանատարության 2 զինծառայող, ովքեր մեղադրվում են 2016-ի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու մեջ փախել են Հունաստան և քաղաքական ապաստան են խնդրել այդ երկրի իշխանություններից:
Այս մասին փետրվարի 23-ին հայտնում է հունաստանյան GreekReporter.com կայքը:
Համաձայն աղբյուրի՝ նախագահ Էրդողանի դեմ մահափորձ իրականացնող խմբից 2 զինծառայող փետրվարի 15-ին անօրինական ճանապարհով՝ Մարիցա (Էվրոս) գետով, անցել են Հունաստանի տարածք և հանձնվել այդ երկրի հյուսիսարևելյան Օրեստիաս քաղաքի ոստիականությանը: Փետրվարի 20-ին նրանք քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանի իշխանություններից:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունաստան փախած զինծառայողներն են Հաքան Չեթինը և Ֆաթիհ Արըքը:
Բրիտանական Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 100 Թուրքիայի քաղաքացի է ապաստարան խնդրել Հունաստանից:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին՝ Թուրքիայում ռազմական փորձից հետո, Թուրքիայի ԶՈւ 8 զինծառայող Հունաստան էին փախել «Սիկորսկի» ուղղաթիռով: Դեկտեմբերին Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր արտահանձնել 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է: Սակայն հունական դատախազությունը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո գործն ուղարկվել էր գերագույն դատարան: Հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել է Թուրքիային չարտահանձնել Հունաստան փախած 8 զինծառայողներին:
Նշենք, որ հուլիսի 15-16-ի Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Մինչ օրս միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր: